1988 թվականից ի վեր ամբողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակը շարունակում է մնալ գլոբալ առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 2020 թվականի վերջին աշխարհում 37.7 միլիոն մարդ ՄԻԱՎ վարակակիր էր: Մեր քաղաքացիների շրջանում մինչև 2020 թվականի վերջը գրանցվել է ՄԻԱՎ-ի 4123 դեպք: 1988-ից 2019 թվականներին գրանցվել է ՄԻԱՎ-ից մահվան 860 դեպք:
Օրվա խորհրդին հետևելով՝ կարևոր ենք համարում ևս մեկ անգամ խոսել այն մասին, թե ինչպես է փոխանցվում այս վարակը և ինչպես նվազեցնել վարակի փոխանցումը: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝
-
սեռական ճանապարհով՝ բոլոր տեսակի ներթափանցող սեռական հարաբերությունների ժամանակ (վագինալ, անալ, օրալ),
-
արյան միջոցով (չախտազերծված ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ ու գործիքներ օգտագործելիս, դոնորական արյան փոխներարկման, օրգանների փոխպաստվաստման հետևանքով)
-
ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխան կարող է վարակվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրվելիս։
ՄԻԱՎ վարակակիրները հաճախ են ենթարկվում խտրական վերաբերմունքի: Հենց այդ պատճառով կարևոր ենք համարում նշել, որ ՄԻԱՎ-ը չի կարող փոխանցվել օդի, ջրի, սննդամթերքի և կենցաղային առարկաների միջոցով։
Սա նշանակում է, որ Դուք չեք կարող վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ կենցաղային շփումների ժամանակ՝ ձեռքով բարևելու, գրկելու, համբուրելու ժամանակ, ինչպես նաև ընդհանուր սպասքից, անկողնային պարագաներից և այլ կենցաղային իրերից օգտվելու հետևանքով: Ժամանակակից բժշկությունը դեռևս չի առաջարկում ՄԻԱՎ-ի արմատական բուժում: Այս վարակն ունեցող մարդիկ բուժում են ստանում ամբողջ կյանքի ընթացքում: