Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Համապատասխան բանաձեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2007 թվականին:

Օրվա նպատակն է վեր հանել աուտիզմ ունեցող անձանց խնդիրները՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը:

Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման խանգարումն է, որն ի հայտ է գալիս վաղ մանկական տարիքում եւ չի ճանաչում սեռ, ռասա կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակ:

Սովորաբար երեխայի մոտ աուտիզմի նախանշանները նկատելի են դառնում նրա կյանքի երկրորդ տարում, սակայն  որոշ դեպքերում աուտիզմը նկատելի է լինում ավելի վաղ՝ 12-24 ամսականում:

Հիմնական նախանշանները, որոնք կարող են վկայել աուտիզմի մասին.

  • Երեխան չի ժպտում
  • Երեխայի հետ աչքի կոնտակտը դժվարությամբ է հաստատվում
  • Երեխան վաղ տարիքում չի թոթովում կամ չի խոսում 1 տարեկանում
  • Անդադար ինչ-որ առարկաներ է շարում իրար վրա
  • Անկանոն թափահարում է ձեռքերը
  • Պտտվում է
  • Չի կարողանում ձեռք տալ որոշ ուտելիքի կամ որոշակի կառուցվածք ունեցող առարկաների

Երբեմն այս նշանները նկատելը դժվար է, մինչեւ որ երեխան չի հասնում նախադպրոցական տարիքի:

Որոշ մարդիկ կարծում են, որ աուտիզմ կարող են ունենալ միայն այն երեխաները, որոնք չեն շփվում, չեն խոսում եւ խնդիրներ ունեն կենսական այլ ֆունկցիաների հետ, սակայն երեխան կարող է ունենալ շատ բարձր IQ, բայց, միեւնույն է, նրա մոտ աուտիզմ հայտնաբերվի:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան վաղ է բուժում ստանում աուտիզմ ունեցող երեխան, այնքան ավելի լավ կենսակերպ է վարում  հասուն տարիքում:


Աղբյուրը՝ Doctors.am