Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է (World Cancer Day): Այս օրը նշվում է 2005 թվականից սկսած՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միության ջանքերով:

Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունն օնկոլոգիական հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաեւ նախաձեռնել զանգվածային միջոցառումներ՝ ուղղված այդ հիվանդությունների կանխարգելմանը եւ առողջ ապրելակերպի քարոզչությանը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քաղցկեղը համարվում է աշխարհում մահերի գլխավոր պատճառներից երկրորդը (աշխարհում յուրաքանչյուր 6-րդ մահը քաղցկեղի հետեւանքով է):

Այսպես, 2018 թվականին քաղցկեղից մահացել է 9,6 միլիոն մարդ, ընդ որում՝ մահվան դեպքերի գրեթե 70%-ը գրանցվել է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում (այդ թվում՝ Հայաստանում)։ 

Փաստեր քաղցկեղի մասին

1.Քաղցկեղից ամեն երրորդ մահը պայմանավորված է լինում հինգ հիմնական ռիսկային գործոններից, որոնք կախված են կենսակերպի եւ սննդակարգի հետ: Դրանք են՝ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, սննդակարգից առողջ սննդի բացակայությունը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահումը:

2.Ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում չարորակ նորագոյացությունների դեպքերի 25%-ը պայմանավորված է քաղցկեղ առաջացնող այնպիսի վարակներով, ինչպիսիք են հեպատիտ Բ-ն, Ց-ն եւ մարդու պապիլոմա վիրուսը:

3. Քաղցկեղից մահվան դեպքերի 22%-ը պայմանավորված է ծխախոտ օգատգործելու հետ:

4. Քաղցկեղի ամենից տարածված տեսակներն են՝

  • թոքերի քաղցկեղ 
  • կրծքագեղձի քաղցկեղ 
  • շագանակագեղձի քաղցկեղ 
  • մաշկի քաղցկեղ 
  • ստամոքսի քաղցկեղ 

Իրավիճակը Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում չարորակ նորագոյացություններից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Վերջին 30 տարվա ընթացքում մահացության եւ հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ:

2018-ի դրությամբ՝ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 43830 է: Ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք:

«Առողջություն եւ առողջապահություն 2017» վիճակագրական տարեգրքի համաձայն՝ հայ կանանց մոտ առավել շատ հանդիպում են կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների եւ ստամոքսի քաղցկեղը, տղամարդկանց մոտ՝ շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, շագանակագեղձի եւ միզապարկի:

Ի դեպ, չարորակ նորագոյացությունների 30-50%-ը կարելի է կանխարգելել եւ բուժել` վաղ հայտնաբերման պարագայում: 


Աղբյուրը՝ Doctors.am