Էպիլեպսիան գլխուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է։ Այն աշխարհում ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն է։ Փետրվարի 12-ը էպիլեպսիայի միջազգային օրն է։ Այս ամենի մասին մենք զրուցել ենք «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգայի քարտուղար, նյարդաբան-էպիլեպտոլոգ, բ.գ.թ., Սամսոն Խաչատրյանի հետ։
-Որքանո՞վ է տարածված էպիլեպսիան աշխարհում և Հայաստանում։
-Խնդիրը բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Բացառություն չէ նաև մեր երկիրը։ Համարվում է, որ միջինում տվյալ երկրի բնակչության մոտ 0.5 տոկոսը ունենում է էպիլեպսիա։ Ստացվում է, որ յուրաքանչյուր 200-300 հոգուց մեկը ունի այս հիվանդությունը։
Կարևոր է նշել, որ էպիլեպսիան տարբեր հիվանդությունների ընդհանուր անուն է։ Այսինքն դա մեկ հիվանդություն չէ, այն ունի իր տարբեր ձևերը, համախտանիշները և այլն։
Կարող է լինել ժառանգական և ձեռքբերովի։ Այս ամենով պայմանավորված, իհարկե, տարբեր են նաև բուժման մոտեցումները։
-Ե՞րբ կարելի է անձի մոտ ախտորոշել այս հիվանդությունը և ի՞նչ նրբություններ ունի ախտորոշումը։
-Ախտորոշման համար շատ կարևոր է ունենալ գիտակցության կորուստների համապատասխան նկարագիր, քանի որ էպիլեպսիայի հիմնական դրսևորումը հենց գիտակցության խանգարման ձևով է արտահայտվում։ Այն իր հերթին կարող է լինել տարբեր աստիճանի՝ մասնակի, ամբողջական։ Որոշ դեպքերում կարիք է լինում տարանջատել էպիլեպտիկ ցնցումը նմանատիպ այլ վիճակներից։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել սովորական ուշաթափությունը։
Հանրության շրջանում շատ տարածված է դասական «մեծ» նոպայի պատկերը, երբ անձը կարող է ձայնով ընկնել, ձգվել, ցնցվել, սակայն դա նոպաներից մի տեսակն է։ Նոպաները կարող են դրսևորվել նաև շատ կարճատև հայացքի սառումով, կամ անձը կարող է կտրուկ վեր թռչել։
Ունենալ էպիլեպտիկ նոպա դեռևս հավասար չէ ունենալ այս հիվանդությունը։ Օրինակ, մի քանի օր շարունակ մեծ քանակությամբ ալկոհոլ չարաշահելուց հետո այն կտրուկ դադարեցնելու դեպքում կարող է դիտվել ցնցում, որը ըստ էության էպիլեպտիկ ցնցում է, բայց տեղի է ունեցել հստակ պատճառով՝ հարուցվել է։ Այլ օրինակներից են կաթվածը, գանգուղեղային վնասվածքը և ուրիշներ։
Ուստի, սա դեռ էպիլեպսիա չէ։ Էպիլեպսիայի ախտորոշման պարագայում շատ կարևոր է, որ լինի սպոնտան կամ չհարուցված երկու նոպա։ Այս դեպքում մենք նոր կարող ենք մտածել էպիլեպսիայի ախտորոշման մասին։ Երբեմն հնարավոր է դնել ախտորոշում նույնիսկ մեկ չհարուցված նոպայով։
Այս դեպքում արդեն կանցնենք գործիքային դիագնոստիկային, օրինակ՝ էլեկտրաուղեղագրություն՝ ԷԷԳ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ հատկապես օջախային էպիլեպսիաների դեպքում և այլն։
-Ինչպե՞ս է իրականացվում էպիլեպսիայի բուժումը։
-Շատ կարևոր տեղ է զբաղեցնում դեղորայքային բուժումը, որը ենթադրում է հակացնցումային դեղորայքի ընդունում և այդպիսով նոպաների վերահսկում։ Օջախային էպիլեպսիաների որոշ դեպքերում հնարավորություն կա նաև վիրահատական միջամտություն կատարել։ Այն արդեն հասցրել է իր զարգացումն ապրել, և ներդրված է նաև Հայաստանում։ «Սոմնուս» կլինիկայում կատարվում է էպիլեպսիայի նախավիրահատական գնահատում, որի ժամանակ ընտրվում են համապատասխանող վիրահատական թեկնածուներ։ Դա կարևոր է վիրահատությունից հետո լավ արդյունք ստանալու համար և նույնիսկ կարող է օգնել հասնելու լիակատար բուժման։
Հակացնցումային դեղորայքի հասանելիությունը մեր երկրում կարելի է գնահատել միջին մակարդակի։ Այսինքն, գուցե ամենանոր դեղերը դեռևս Հայաստանում գրանցված չեն, սակայն ունենք բավականին մեծ ընտրություն մեր երկրում։
-Ի՞նչ դժվարություններ են ունենում էպիլեպսիա ունեցող մարդիկ իրենց կյանքում։
-Հիվանդությունը իր հետ բերում է նաև հոգեբանական և սոցիալական խնդիրների՝ հանգեցնելով կյանքի որակի նվազման։ Եթե նույնիսկ կարողանում ենք ամենաժամանակակից և որակյալ դեղորայքի օգնությամբ ապահովել ճիշտ հսկողություն տվյալ անձի համար, համարվում է, որ 20-30 տոկոս դեպքերում հասնել 100 տոկոսանոց հսկողության շատ դժվար է։
Երկարատև դեղորայք ընդունելը ևս այդքան էլ հեշտ չէ։ Եթե հիվանդությունն ունեցող անձը երիտասարդ տարիքի է, դեռահաս կամ երեխա է, ապա կարող է մոռանալ կամ հրաժարվել ընդունել դեղը կամ սխալ ժամի ընդունել, ինչը ևս վտանգներ է պարունակում, ուստի մենք փորձում ենք կարգավորել նաև այս հարցը։
Բացի ֆիզիկական դժվարություններից, անձը նաև հոգեբանական մի շարք խնդիրների կարող է բախվել։ Կարևոր դեր է խաղում նաև հասարակության վերաբերմունքը։ Եթե այս հիվանդությունն ունեցող մարդը չենթարկվի խտրական վերաբերմունքի, ապա միանշանակ ավելի լավ հոգեվիճակ կունենա։
Այլ մարդկանց վերաբերմունքը խոչընդոտ է նաև հասարակության մեջ լիարժեք ընդգրկվելու ճանապարհին և կարող է խանգարող հանգամանք լինել ընտանիք, երեխաներ, աշխատանք ունենալու հարցում։
Կարևոր է, որ հասարակությունը ավելի ըմբռնումով մոտենա էպիլեպսիա ունեցող անձանց և փոխվի հասարակության վերաբերմունքը այս հիվանդությունն ունեցող մարդկանց հանդեպ։