Մարտի 11-ը համաշխարհային առողջապահության օրացույցում նշվում է որպես Երիկամի օր:
Օրվա նպատակը երիկամային հիվանդությունների արդյունավետ բուժման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, պացիենտների իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումը, որի նպատակն է երիկամային հիվանդություններ ունեցող անձանց ակտիվ կենսակերպի ապահովումը:
Հայտնի է, որ երիկամային հիվանդությունների ուշ ախտորոշումը եւ բուժումն էական ազդեցություն են ունենում կյանքի որակի վրա:
Երիկամային մի շարք հիվանդություններ առաջացնում են կողմնակի խնդիրներ, ինչպես, օրինակ, հոգնածությունը, դեպրեսիան, կոգնիտիվ խանգարումները, աղեստամոքսային տրակտի եւ քնի հետ կապված խնդիրները եւ այլն:
Հատկանշական է, որ ճարպակալում ունեցող մարդիկ երիկամային հիվանդությունների ռիսկի խմբում են եւ հատկապես նրանք, ովքեր ունեն դիաբետ եւ հիպերտենզիա:
Ամենից տարածված երիկամային հիվանդություններն են՝
• միզաքարային (երիկամաքարային) հիվանդություններ
• երիկամային անբավարարություն
• նեֆրոպաթիա
• պիելոնեֆրիտ
• հիդրոնեֆրոզ
Երիկամային հիվանդություններն ուղեկցվում են որոշ ախտանիշերով, որոնց առկայության դեպքում պետք է դիմել բժիշկի:
Դրանք են՝
• դժվարացած միզարձակություն
• հաճախամիզություն կամ անմիզություն
• մեզի մեջ արյան առկայություն
• բարձր զարկերակային ճնշում
• մարմնի բարձր ջերմություն
• վերջույթների եւ դեմքի այտուցվածություն:
Աղբյուրը՝ Doctors.am