Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1882 թվականի այս օրը բժիշկ Ռոբերտ Կոխը հայտարարեց, որ իրեն հաջողվել է հայտնաբերել տուբերկուլոզի հարուցիչ բակտերիան, որի շնորհիվ հնարավոր դարձավ հիվանդության ախտորոշումն ու բուժումը:

Տուբերկուլոզը շարունակում է մնալ աշխարհում ամենամահացու վարակը: Ըստ Առողջապահության  համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում ամեն օր տուբերկուլոզից մահանում է 4000-ից ավելի մարդ, հիվանդանում՝ մոտ 30 հազարը:

Տուբերկուլոզը տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի եւ թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի եւ պատերի, ինչպես նաեւ կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:

Տուբերկուլոզի հարուցիչն առաջին հերթին ախտահարում է թոքերը: Հյուսվածքներում, որտեղ տեղակայվում են միկոբակտերիաները, առաջանում են բորբոքային գործընթացներ` մանր թմբիկների կամ խոշոր օջախների տեսքով: Եթե օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է, այդ օջախները կարող են ներծծվել: Հաճախ դրանց շուրջն առաջանում է ամուր պատիճ, իսկ թմբիկները ձեւափոխվում են շարակցական հյուսվածքի: Եթե պայմաններն անբարենպաստ են, օջախը քայքայվում է եւ նրա տեղում առաջանում է խոռոչ, որտեղ միկոբակտերիաները բազմանում են եւ ախտահարում են թոքերի մյուս բաժինները: Այդպիսի հիվանդների խորխի մեջ մշտապես հայտնաբերվում են բազմաթիվ միկոբակտերիաներ, իսկ եթե առկա է նաեւ խոռոչ, կարող է առաջանալ թոքային արյունախխում եւ նույնիսկ արյունահոսություն:

Տուբերկուլոզային միկոբակտերիաներն ախտահարում են ոչ միայն թոքերը, այլեւ արյան ու ավշի միջոցով կարող են տարածվել օրգանիզմում, խորխի հետ ընկնել բերանի խոռոչի, ըմպանի եւ կոկորդի լորձաթաղանթների վրա: Այս բոլոր օրգաններում նույնպես առաջանում են բորբոքային օջախներ:

Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է խիստ բժշկական հսկողության տակ, սկզբում` հիվանդանոցում, այնուհետեւ` ամբուլատոր պայմաններում: Տուբերկուլոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, որոնք նշանակվում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն` նույնիսկ ավելի): 

Ժամանակին կիրառված համալիր բուժումը թույլ է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:


Աղբյուրը՝ Doctors.am