Հունիսի 25-ը վիտիլիգոյի համաշխարհային օրն է։
Վիտիլիգոն ձեռքբերովի քրոնիկական հիվանդություն է: Այս հիվանդության ավելի ցայտուն ախտանիշը մաշկի դեպիգմենտացիան է` արտահայտված սպիտակ բծերով, որոնք հակված են ավելի մեծանալու:
Սպիտակ բծերը ավելի հաճախ դրսևորվում են դեմքի, ձեռքերի, ոտքերի, աճուկների շրջանում: Պաթոլոգիան հանդիպում է աշխարհի բնակչության 1-2%-ի մոտ և հավասարապես տարածված է ցանկացած մաշկի գույն ունեցող թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Հիվանդությունը ավելի շատ հանդիպում է մինչեւ 20 տարեկան մարդկանց մոտ։
Այս հիվանդության առաջացման պատճառները լավ ուսումնասիրված չեն, ինչը բարդացնում է դրա բուժումը:
Զարգացման հնարավոր մեխանիզմներն են մելանոցիտների (մակուղեղի միջին բլթում սինթեզվող հորմոն, որը խթանում է մաշկում թիրոզինից մելանինի առաջացումը և մաշկի մգացումը) աուտոիմուն ոչնչացումը, մելանոցիտների կյանքի տևողության նվազումը և մելանոցիտների առաջնային արատները։
Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիտիլիգոն վարակիչ չէ ու շրջապատի համար անվնաս է: Չնայած սրան հասարակությունը զգուշավոր է նման հիվանդների հետ շփումներում, այդ իսկ պատճառով պաթոլոգիա ունեցող մարդիկ հաճախ ունենում են բարդույթներ կամ լուրջ հուզական խանգարումներ։
Վիտիլիգոյի համաշխարհային օրը ևս մեկ հրաշալի առիթ է ոչ միայն իրազեկելու այս հիվանդության դրսևորումների մասին, այլ նաև տեղեկացնելու, որ այս հիվանդությունն ունեցող մարդիկ հասարակության լիարժեք անդամ են և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելն անընդունելի է։