«Չորս տարի առաջ նույնպես անցկացրինք այսպիսի միջոցառում: Հիմնական նպատակներն են՝ լավացնել սիրտանոթային  հիվանդությունների բուժումը,  նվազեցնել հիվանդների մահացության ցուցանիշները, լուսաբանել սրտային անբավարարության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները: Կոնֆերանսը դառնալու է այն հարթակը, որը ցույց է տալու, թե ինչպես կարելի է հասնել դրան: Բոլոր բժիշկների համար կրթությունը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի, իսկ արդյունքը՝ ստացած  գիտելիքը, գործնականում կիրառելի»,-ասում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը:

Ո՞ւմ համար է նախատեսված կոնֆերանսը:

Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր  բժիշկ-սրտաբանները, կլինիկական օրդինատորները, ինչու չէ, նաև բժիշկ- թերապևտներն ու ընտանեկան բժիշկները:
Մենք եկանք այն եզրակացությանը, որ կոնֆերանսը պետք է անցկացվի Երևանի պետական բժշկական համալսարանում, քանի որ այն հայաստանյան բժշկական կրթության մայր բուհն է:  

Արտերկրից հրավիրված մասնագետներ կա՞ն:

Մասշտաբային առումով սա աննախադեպ է, քանի որ սրտաբանական այսպիսի ֆորումում ներկա են լինելու արտերկրից հրավիրված լավագույն 10 մասնագետները (ինվազիվ և ոչ ինվազիվ սրտաբաններ, կարդիովիրաբույժներ, ընդհանուր սրտաբաններ): Մենք հատուկ նստաշրջան ենք անցկացնելու ԵՊԲՀ-ն ավարտած և աշխարհի տարբեր երկրներում աշխատող սրտաբանների մասնակցությամբ: Նրանք հանդես կգան դասախոսություններով՝ ներկայացնելով իրենց ոլորտի ձեռքբերումները: Եվրոպայի սրտաբանների միության նախկին նախագահը, ներկայիս փոխնախագահը նույնպես ժամանելու է:  
Առանձին սիմպոզիում է կազմակերպված կարդիոմիոպաթիաների ախտորոշման և բուժման վերաբերյալ: Ներկայացնելու են կարդիոմիոպաթիաների վարման աշխարհի առաջատար կլինիկաների կողմից հրավիրված դասախոսներ Ք. Արկունը և Կ. Հերգանը:

Որո՞նք են ընտրված թեմաները: 

Լինելու են դասախոսություններ Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի առաջատար մասնագետների կողմից: Դրանք վերաբերում են սուր և խրոնիկ սրտային  անբավարարության դեպքում հաճախ ուղեկցվող հիվանդություններին՝ շաքարային դիաբետին, անեմիային, նախասրտերի շողացման բուժմանը՝ հաշվի առնելով ուղեկցվող հիվանդությունների առկայության դեպքում բուժման առանձնահատկություններն ու հնարավոր բարդությունները: 
Ընդգրկված են նաև միջամտական սրտաբանության, սրտային վիրաբուժության, բնածին արատների, սրտանոթային ռիսկերի, կանխարգելման հիվանդությունների վերաբերյալ քննարկումներ, դասախոսություններ: 

Ի՞նչ լեզվով են ներկայացվելու դասախոսությունները: 

Հայ բանախոսները կխոսեն հայերենով, իսկ արտասահմանից հրավիրված մասնագետները՝ անգլերենով (սինքրոն թարգամությամբ): Կոնֆերանսի մասնակիցները կրթական այս ծրագրին մասնակցելուց հետո նոր գիտելիքներ ձեռք կբերեն սրտային անբավարարության ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ:

Կոնֆերանսին մասնակից լինելու համար ինչպե՞ս կարող են գրանցվել: 

Գրանցվել կարող են տեղում, իսկ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել  +374 (91) 11-00-44 հեռախոսահամարով:

Կոնֆերանսի ծրագրին,  մասնակիցների ինքնակենսագրականներին կարող եք ծանոթանալ ստորև: 






Աղբյուրը՝ Doctors.am