Թագավորական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ յոգան և այլ հանգստացնող վարժություններն օգտակար են սոցիալական անհանգստության խանգարումներ ունեցող մարդկանց համար: Ռելաքսացիան արմատապես փոխում է այդպիսի մարդկանց աշխարհընկալումը: Նրանք սկսում են ավելի քիչ սպառնալիք տեսնել շրջակա միջավայրում և աշխարհին նայել դրական լույսի ներքո: Աֆեկտիվ և անհանգստության խանգարումներով տառապողների համար սա մեծ նվաճում է, գրում է The Times of India պարբերականը:
 
Հետազոտության մասնակիցները նայում էին էկրաններին, որոնց վրա հիմնական հոդերը նշող կետերի միջոցով պատկերված էր մարդ: Այդպիսի կերպարը միանշանակ չէ, և դիտողը կարող էր մտածել, որ մարդը կանգնած է դեմքով դեպի իրեն շրջված, կամ ընդհանրապես մեջքով շուռ եկած: Գիտնականները նկատել են, որ սոցիոֆոբիայով տառապող մարդկանց ավելի հաճախ թվում էր, թե այդ կերպարը շարժվում է իրենց ընդառաջ:
 
Հետազոտողները պարզել են, որ մկանային ռելաքսացիայի մարզանքների մեթոդը կիրառած մասնակիցներն ավելի հազվադեպ են կարծել, որ պատկերը դեպի իրենց է շրջված: Այս բացահայտումը չափազանց կարևոր է, քանի որ անհանգիստ մարդկանց հաճախ վախեցնում է շրջակա միջավայրը, իսկ այս մեթոդի օգնությամբ նրանք կարող են կառավարել իրենց անհանգստությունը:
 
Ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ յոգայի շաբաթական երեք պարապմունքը կարող է մարդուն օգնել պայքարել դեպրեսիայի դեմ: Յոգայով զբաղվող մարդկանց մոտ նկատվել է ԳԱԿԹ ամինաթթվի ավելի բարձր մակարդակ, որն անհրաժեշտ է գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ աշխատանքի համար: ԳԱԿԹ-ի ցածր մակարդակը սովորաբար համարվում է դեպրեսիայի ցուցանիշ:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ webmd.com