ԱՄՆ Վաշինգթոնյան համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական մեկ չափաբաժին յոգուրտը տղամարդկանց մոտ նվազեցնում է աղիների բարորակ գոյացությունների առաջացման հավանականությունը, որոնք հետագայում կարող են վերածվել քաղցկեղային ուռուցքների, գրում է EurekAlert!-ը:

Հետազոտությանը մասնակցել է 32 606 տղամարդ եւ 55 743 կին, որոնց աղիների ստորին հատվածը էնդոսկոպիա է արվել 1986-2012 թթ.-ին: Մասնակիցները յուրաքանչյուր չորս տարին մեկ ներկայացրել են իրենց կենսակերպի եւ սննդակարգի մանրամասները՝ ներառյալ ընդունած յոգուրտի չափաբաժինները:

Պարզվել է, որ այն տղամարդիկ, որոնք հաճախ են յոգուրտ կերել, 19%-ով նվազեցրել են նորագոյացությունների առաջացման ռիսկը, իսկ հաստ աղիքում ադենոմաների առաջացումը, որոնք կարող են հետագայում վերածվել քաղցկեղի, նվազել է 26 %-ով: 

Ի դեպ, կանանց դեպքում աղիների քաղցկեղի առաջացման ռիսկի եւ յոգուրտի օգտագործման միջեւ կապ չի հայտնաբերվել: