Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով: Խնդիրը կայանում է նրանում, որ ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը դասվում է առաջնային իմունանբավարարության հիվանդությունների շարքին: Հիվանդների մոտ իջնում է իմուն համակարգի C1 կոմպլեմենտի ինհիբիտորը, ինչը բերում է արյան անկառավարելի ներքին ռեակցիաների, որոնք էլ նպաստում են այտուցների առաջացմանը:
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի վերջնական բուժումն անհնար է, սակայն կարելի է այն կանխել և վերահսկել: Այս տարի ժառանգական անգիոնևրոտիկ այտուց հիվանդությունը գրանցվել է շատ հազվադեպ հանդիպող հիվանդությունների ցանկում, ինչի շնորհիվ հիվանդները տեսականորեն կարող են անվճար ստանալ թանկարժեք դեղամիջոցներ:
Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ դեղորայքը շատ երկրներում գրանցված չէ, իսկ պլազմայով բուժումն այնքան էլ արդյունավետ չէ:
Եթե այս հիվանդություն չկանխվի, ապա գլխի և պարանոցի շրջանում հանկարծակի առաջացած այտուցները կարող են հանգեցնել մահվան, ինչը տեղի է ունենում հինգ դեպքերից  երկուսում: Հիվանդների 85%-ի մոտ կա անընդհատ խեղդվելու վախի զգացողություն, իսկ 65%-ի մոտ՝ ցավի ուժեղ վախ: Նրանց մեծ մասը մշտապես ստիպված է բաց թողնել դասերը կամ աշխատանքը: Իսկ շատերն էլ բողոքում են, որ ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը նրանց չի թողել լիարժեքորեն իրացնել սեփական ներուժը:

Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի առկայությունը պարզելու նպատակով
մասնագետները խորհուդ են տալիս պատասխանել հետևյալ ութ հարցերին.

        1.      Ձեզ մոտ երբևէ եղե՞լ են հանկարծակի առաջացած այտուցներ ձեռքերի, ոտքերի, դեմքի, կոկորդի կամ սեռական օրգանների շրջանում:
2.      Արդյո՞ք այդ այտուցները եղել են միակողմանի, այսինքն՝ միայն ձախ ձեռքին կամ աջ ոտքին:
3.      Ձեզ մոտ եղե՞լ է առանց պատճառի որովայնացավերի նոպա:
4.      Արդյո՞ք այդ այտուցները և ցավերը հաճախ են լինում:
5.      Արդյո՞ք նման այտուցներ և ցավեր եղել են նաև Ձեր բարեկամների մոտ:
6.      Արդյո՞ք Ձեզ մոտ եղել են նախազգուշացնող նշաններ (հոգնածություն, ծակծկոց, սրտխառնոց, մրսածության նշաններ, ցան կամ կետիկներ մարմնի վրա), որոնք ահազանգում են այտուցի կամ որովայնի շրջանում ցավի նոպայի մոտալուտ առաջացման մասին:
7.       Արդյո՞ք հակահիստամինային կամ հակաճճվային դեղորայքի, գլյուկոկորտիկոստերոիդների, էպինեֆրինի, հակաբիոտիկների և այլ դեղորայքների կիրառումն այտուցի կամ որովայնի ցավի ժամանակ անարդյունավետ է եղել:
8.      Արդյո՞ք նոպայի ժամանակ աչքերն արցունքոտվում կամ քորվում են:

Եթե հարցերի մեծ մասին պատասխանել եք այո, իսկ վերջին հարցին՝ ոչ, ապա արժի անցնել ժառանգական անգիոնևրոտիկ այտուցի հետազոտություն:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ medportal.ru