Հունվարի 24-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ԱՄՆ-ում հրատարակված «Medical Atlas of Cornea and External Diseases in Middle Eastern Populations» («Մերձավոր արևելքի բնակչության շրջանում եղջերաթաղանթի և արտաքին աչքի հիվանդությունների բժշկական ատլաս») գիրք-ատլասի շնորհանդեսը։

Ատլասի հեղինակը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Աննա Հովակիմյանն է։

Գիրք-ատլասը բաղկացած է 507 էջից, պարունակում է  13 գլուխ։

Հեղինակի խոսքով այս գիրքը աշխարհում բացառիկ է նրանով, որ այն միակն է, որ պարունակում է 800 նկար, որից 102-ը ներառում են դեպքեր նախքան բուժումը և բուժումից հետո, ինչը պատկերացում է տալիս, թե բուժման ավարտին ինչպիսի արդյունքի կարելի է հասնել աչքի ծանր ախտահարումից հետո։

Նշված 102 կլինիկական դեպքերից 50-ը կազմում են եղջերաթաղանթի ծանրագույն պաթոլոգիա հանդիսացող խոցերով դեպքերը, երբ մարդիկ հաճախ մտածում են, որ աչքը պետք է հեռացնել, սակայն գիրք-ատլասում ներկայացված են թե՛ դեղորայքային բուժման արդյունքները, թե՛ կերատոպլաստիկայով փրկված դեպքերի օրինակները։

«Այս բոլոր կլինիկական դեպքերը ինձ դիմած հիվանդներն են, որոնց ախտորոշել և բուժել ենք թիմային աշխատանքի արդյունքում։ Մասնակցել են իմ բաժնի կրտսեր բժիշկները, նկարել են, նյութեր են հայթայթել։ Ատլասը գրված է անգլերեն, մենք ուրախ ենք և հպարտ, որ հայաստանյան ակնաբուժական ինտելեկտը կարողանում ենք ցուցադրել աշխարհին։ Համարում եմ, որ որոշ չափով կարողացել ենք ազգանվեր գործ կատարել»,- նշեց պրոֆեսոր Հովակիմյանը։

 

Շնորհանդեսի սկզբում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ողջույնի խոսքում ընդգծեց․

«Հայ պրոֆեսորը, ԱՄՆ-ում հրատարակելով այս ատլասը, պատիվ է բերել ոչ միայն իր համալսարանին, այլ նաև մեր պետության բժշկությանը։ Սրտանց շնորհավորում եմ պրոֆեսոր Աննա Հովակիմյանին և ակնաբուժական համայնքին։ Բժշկական համալսարանը ամուր կանգնած է իր շրջանավարտների թիկունքին և հորդորում է յուրաքանչյուրին իր վիթխարի փորձը ամփոփել, ինչպես արեց պրոֆեսոր Հովակիմյանը»։

 

Այնուհետ իր ելույթում գրքի հեղինակ Աննա Հովակիմյանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ին, ռեկտոր Արմեն Մուրադյանին միջոցառումը նախաձեռնելու և կազմակերպելու համար, ապա ներկայացրեց իր աշխատանքային փորձառությունը, խոսեց գրքի ստեղծման, հրատարակման ընթացքի և եղած բարդությունների մասին։

Նա նաև կիսվեց ատլասում տեղ գտած բացառիկ դեպքերի նկարներով, որոնք էլ այս աշխատությունը առանձնակի արժեքավոր են դարձնում։

Պրոֆեսոր Հովակիմյանն իր ելույթն  ամփոփեց հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի խոսքերից մեջբերմամբ` ընդգծելով, որ ուսումնական գործընթացում բոլոր ճանապարհները խավարից դեպի լույս են տանում:

 

Շնորհանդեսի ներկաների թվում էր ՀՀ գլխավոր մանկական վիրաբույժ Արա Բաբլոյանը, որն իր շնորհավորական խոսքում ասաց․

«Նման դասախոսներ, աշխատակիցներ ունենալը գանձ է համալսարանի համար: Կարծում եմ` բժշկական համալսարանը տարեց տարի էլ ավելի է հարստանում և ցույց տալիս իր առաջատար դերը առողջապահության զարգացման մեջ»։  

 

Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույններ և շնորհավորանքի խոսքեր աշխարհի տարբեր անկյունների ակնաբուժական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Տեսաուղերձներով ներկայացան Էնթոնի Ալդավեն UCLA (University of California, Los Angeles) համալսարանից, Ջոն Հովհաննիսյանը Հարավային Կալիֆորնիայից, Անուշ Ամիրյանը Ռուսաստանից, Կարլոս Սիվերիոն Պերուից, Ռոջեր Հովհաննիսյանը Հայկական ակնաբուժական նախագծից և պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը։

Նրանք միակարծիք էին, որ գիրքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ուսուցողական ծրագրերի, այլև գործող ակնաբույժների համար և կարող է դառնալ ակնաբույժի սեղանի գիրքը, իսկ վերջինիս մեջ նկարագրված հազվադեպ հանդիպող դեպքերը կօգնեն ճշգրիտ ախտորոշման և պացիենտների վարման ընթացքում, հատկապես ինֆեկցիոն կերատիտների դեպքում։

Գիրք-ատլասի վերաբերյալ իր կարծիքով մեզ հետ զրույցում կիսվեց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ հիվանդությունների բաժնի վարիչ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի նախագահի պաշտանակատար Արմեն Վարդանյանը․

«Ես իմ տարիների փորձի ընթացքում առաջին անգամ եմ հանդիպում նման որակով աչքի ընկնող գրքի հրատարակմանը։ Շատ երկարատև աշխատանք է արվել, որի մեջ հոգի է դրված։ Ես հպարտ եմ իմ կոլեգաների համար։ Կարծում եմ՝ սա լուրջ գնահատականի արժանի երևույթ է։ Այս առիթով բժշկական համալսարանի կազմակերպած միջոցառումը շատ տեղին և կարևոր էր»։

 

Միջոցառման ավարտին Աննա Հովակիմյանը ակնաբուժական ատլասի օրինակներ նվիրեց Բժշկական համալսարանի գրադարանին, իր ասպիրանտին և ակնաբուժական խոշոր կլինիկաների ղեկավարներին։